Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում արժեթղթերի շուկայի գլխավոր կարգավորողը Citigroup բանկին տուգանել է 2 միլիոն դոլարով՝ Facebook-ի IPO-ից առաջ գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար: Citi-ն համաձայնել է կարգավորել իրավիճակը` չմեկնաբանելով իրեն ներկայացված մեղադրանքները:
Citi-ն այն բանկերի կազմում է, որոնք Facebook-ի բաժնետոմսերի նախնական տեղակայման ապահովագրողներ էին հանդես գալիս: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Citigroup-ի կրտսեր վերլուծաբանը, որը նշանակվել էր Facebook-ի ուսումնասիրության համար, էլեկտրոնային նամակ է ուղարկել TechCrunch.com կայքի 2 աշխատակիցներին` Facebook-ից ստացված տեղեկությամբ: Ըստ որոշ տվյալների` նա առաջարկել է բանկի ուսումնասիրությունը լրատվամիջոցների հրապարակման համար` վկայակոչելով անանուն աղբյուրին: Սեպտեմբերին Citigroup-ն աշխատանքից հեռացրել էր կրտսեր վերլուծաբանին եւ հայտարարել, որ նա միայնակ է գործել, գրում է «gazeta.ru»-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ի IPO-ի օրը Facebook-ի բաժնետոմսերի աճուրդը հետաձգվեց 30 րոպեով` NASDAQ-ոմ տեխնիկական անսարքության հետեւանքով: Ստացվել էր այնպես, որ ներդրողների հայտերը չէին հասցնում մշակել մի քանի ժամվա ընթացքում:
Աճուրդի ընթացքում տուժել էին ներդրողները եւ բրոքեր ընկերությունները, որոնք որպես միջնորդ էին հանդես գալիս:
Բրոքերների կորուստները գնահատվում են 100 միլիոն դոլար: Շուկայի աղբյուրները նաեւ հայտնել են, որ Citigroup-ի եւ UBS-ի բրոքերյան ստորաբաժանումները կորցրել են 20-ական միլիոն դոլար:




























