Ահաբեկչական «Ալ Կաիդայի» խմբավորման առաջնորդ  Այման ալ-Զավահարին մահմեդականներին կոչ է արել առեւանգել ԱՄՆ-ի եւ Եվրոպական երկրների քաղաքացիներին: «Ալ Կաիդայի» ղեկավարի նկարահանած 58 րոպեանոց  տեսագրությունը տարածվել է  ջիհիդական ֆորումներում եւ թարգմանվել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից:

AFP գործակալության հայտարարության համաձայն, ալ-Զավահարին հայտնել է, որ պատերազմը դեռ  չի ավարտվել, այլ միայն նոր է սկսվում:  «Ես կոչ եմ անում  հավատացյալներին առեւանգել  եւ գերեւարել  այն երկրների քաղաքացիներին, ովքեր պատերազմում են մահմեդականների դեմ: Միայն այսպես մենք կարող ենք հասնել Գուանտանամոյում բանտարկված  մեր հավատացյալ երբայրների ազատությանը, քանի որ այդ երկրների իշխանությունները միայն ուժի լեզուն են հասկանում»,-ասել է նա:

Ինչպես նշում է LifeNews-ը, սա ահաբեկիչների առաջնորդի` եվրոպացիների եւ ամերիկացիների նկատմամաբ բռնություն գործադրելու առաջին կոչը չէ: Ավելի վաղ նա արդեն հանդես է եկել  Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանի  սպանության հեղինակների արարքի խրախուսմամբ եւ առաջարկել է հետեւել նրանց օրինակին:

Այման ալ-Զավահարին «Ալ Կաիդայի» առաջնորդ է դարձել 2011թ-ին` Բեն Լադենի սպանությունից հետո: Գրոհայինը անընդմեջ հանդես է գալիս բոցաշունչ ճառերով, որոնք սպառնալիքներ են պարունակում ԱՄ-ի եւ Իսրայելի հասցեին: