«Արմավիա» ավիաընկերությունը հանգիստ իրականացնում է իր չվերթները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Նա զարմացավ` լսելով հարցը, թե իրականությանը համապատասխանում են տարածված տեղեկությունները, թե ԵՄ անդամ երկրները Հայաստանին նախազգուշացրել են, որ մտադիր են այլեւս չսպասարկել հայկական, մասնավորապես «Արմավիա» ավիաընկերության չվերթերը: «Հերթական սուտն է: Մենք զգուշացրել էինք այլեւս չկարդալ այդ թերթը, քանի որ թերթի «Արմավիայի» մասով գրածները շարադրության աղբյուրների են նմանվում»,- ասաց մամուլի քարտուղարը:
Նանա Ավետիսովան շեշտեց, որ «Արմավիան» հանդիսանում է ամենակարգապահ ընկերություններից մեկն է, որը հետեւում է բոլոր միջազգային կանոններին, եւ արդեն հերթական անգամ անցել է IOSA-ի աուդիտը (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի Ավիաընկերությունների անվտանգ շահագործման աուդիտ), որը անց է կացվում չվերթների անվտանգության նկատառումներով: «Արմավիան» բոլոր կետերով համապատասխանում է չափանիշներին»,- ասաց նա:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ՝ ԵՄ անդամ երկրները Հայաստանին նախազգուշացրել են, որ մտադիր են այլեւս չսպասարկել հայկական, մասնավորապես «Արմավիա» ավիաընկերության չվերթերը: «Իսկ պատճառն այն է, որ հայկական չվերթերը չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին, բացի այդ՝ դրանք պարբերաբար խափանվում են:
Ըստ մեր տեղեկությունների՝ հայկական քաղավիացիայի գլխավոր վարչությունը ժամանակ է խնդրել՝ անվտանգության հետ կապված թերությունները շտկելու համար, իսկ «Արմավիա»-ի բախտը թողել են եվրոպացիների կամքին: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այս լուրը»,- գրել էր թերթը:





























