Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2012 թ. ընթացքում, հոկտեմբերի 25-ի դրությամբ, 202 մլն դրամի տուգանքներ է նշանակել, որից 47.8 մլն դրամն արդեն իսկ բռնագանձվել է ՀՀ պետական բյուջե: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ծաղկաձորում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ ելույթ ունենալով ՏՄՊՊՀ-ին կից հասարակական խորհրդի նիստում: Ընդհանուր առմամբ՝ 2012 թ. ՏՄՊՊՀ-ն կայացրել է պատասխանատվության միջոց կիրառող 112 որոշում:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի որոշումներն ու տուգանքները կտրուկ աճել են 2010 թ. հետո: Համեմատության համար՝ 2009 թ. ՏՄՊՊՀ-ն նշանակել է ընդամենը 3.5 մլն դրամի տուգանք՝ 25 որոշումներով:

Սակայն ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ տուգանքների նշանակումը ինքնանպատակ չէ, առաջնայինը մրցակցային խնդիրներն են: Շատ դեպքերում Հանձնաժողովի որոշումներն ունենում են կանխարգելիչ դերակատարում:

Այնուամենայնիվ՝ տնտեսվարող սուբյեկտների մի մասը բողոքարկել է ՏՄՊՊՀ որոշումները դատական համակարգում: 2012 թ. այդպիսի 5 բողոք կա, իսկ 2011 թ. բողոքների թիվը 20-նն էր: Ըստ Ա. Շաբոյանի՝ դատական ատյաններում բողոքարկված ՏՄՊՊՀ-ի որեւէ որոշում վերջին 3 տարիներին անվավեր չի ճանաչվել:

Նշենք, որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ ՏՄՊՊՀ-ի որոշումների դատական բողոքարկումն օգտագործում են ժամանակ շահելու եւ շուկայում իրենց անօրինական գոործունեությունը երկարաձգելու համար: Մասնավորապես՝  այդպիսի հնարք կիրառեց «Ալեքս Գրիգը»՝ ձգձգելով կեղծ (նմանակված) օղիների հանումը առեւտրի մանրածախ ցանցից: