Մոսկվայում տեղի է ունենում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարին ելույթ ունեցավ գործարար Միխայիլ Պրոխորովը` անվանելով «Քաղաքացիական պլատֆորմը» սկզբունքային նոր ուժ:
Պրոխորովը առաջարկեց փոխել սահմանադրությունը եւ հրաժարվել Ռուսաստանը ազգային օկրուգների ու հանրապետությունների վարչատարածքային բաժանումից. «Մենք մեր ձեռքերով ենք ստեղծել ներքին սահմաններ, ազգային գետտո, որտեղ կոռումպացված իշխանությունները, առանց խտրականության ու ազգային պատկանելիության, կեղեքում ու թալանում են ժողովրդին», - ասաց քաղաքական գործիչը:
Նա նշեց, որ նախկին ստալինյան-լենինյան կառուցվածքը 21-րդ դարում այլեւս արդյունավետ չէ: Փոխարենը նա առաջարկում է տարածքները բաժանել տնտեսական նպատակաուղվածության սկզբունքով:
Նա նշեց, որ բացի ազգային հարցից, առաջնահերթ է նաեւ միգրանտների խնդիրը: Նրա կարծիքով, Ռուսաստանը չի կարող լինել առանց միգրանտների, քանի որ հաջորդ 5 տարիների ընթացքում Ռուսաստանի Դաշնության աշխատուժը կկրճատվի 8 միլիոնով, իսկ արդեն 2025թ-ին` 19 միլիոնով, հաղորդում է «Մոսկովսկիյ կոմսոմոլեցը»:
Պրոխորովի կարծիքով, ներկայիս անցագրային ռեժիմի անարդյունավետության հետեւանքով գրեթե բոլոր միգրանտները համարվում են անլեգալներ, ուստի անհրաժեշտ է ստեղծել միգրանտների գրանցման թափանցիկ համակարգ, պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան հաղորդակցվել ռուսական կուլտուրային ու տիրապետեն ռուսերեն լեզուն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Պրոխորովի ելույթը տեւել է մոտ մեկուկես ժամ: Այդ ողջ ընթացքում նա քայլել է բեմում ու նրա ելույթը դասախոսություն է հիշեցրել:





























