ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները շաքարավազի շուկայում ցույց են տալիս, որ տեղում արտադրված շաքարավազն ավելի էժան է, քան ներկրվածը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին Ծաղկաձորում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ ելույթ ունենալով ՏՄՊՊՀ-ին կից հասարակական խորհրդի նիստում:

Նշենք, որ շաքարավազի արտադրություն Հայաստանում կազմակերպում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Լուսաստղ Շուգր» ընկերությունը: Ըստ Ա. Շաբոյանի՝ շաքարավազի շուկայում ներկայում մրցակցություն հնարավոր է միայն երկրորդ արտադրող հայտնվելու դեպքում: Սակայն դա քիչ հավանական է, քանի որ գործող գործարանի արտադրական հնարավորություններն ավելին են, քան ներքին շուկայի պահանջարկն է: «Շաքարավազի երկրորդ ձեռնարկություն ունենալը տրամաբանական չէ»,- ասաց Ա. Շաբոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում շաքարավազի գինը ավելի էժան է, քան հարեւան երկրներում: «Գնագոյացման մեխանիզմները մեր հսկողության տակ են; Բացառում ենք գների չհիմնավորված չարաշահումներ»,- ասաց Ա. Շաբոյանը:

Նշենք, որ միջազգային շուկայում նախորդ շաբաթ շաքարավազը դրսեւորել է էժանացման միտում: Բրազիլիական սպիտակ շաքարի տոննա արժե 540 դոլար՝ նվազելով մոտ 25 դոլարով: Շաքարի հումքը մինչեւ սեւծովյան նավահագիստներ գնահատվում է տոննան 460 դոլար՝ էժանացումը շաբաթական կտրվածքով 26 դոլար է: