ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը վթարի է ենթարկվել, երբ իրար են բախվել 6 մեքենա:

Վթարը տեղի է ունեցել ուրբաթ  օրը` հոկտեմբերի 27-ին Նեւադա նահանգի մայրուղու վրա:

72-ամյա սենատորը  անմիջապես  հիվանդանոց է տեղափոխվել: Վթարի հետեւանքով նա թեթեւ վնասվածքներ է ստացել: Սենատորի կյանքին վտանգ չի սպառնում:

72-ամյա սենատորի` մի քանի մեքենաներից բաղկացած շարասյունը անցնում  էր  Լաս Վեգասի միջով, երբ մեքենաներից մեկը բախվել է քաղաքացիական մեկ այլ  մեքենայի: Վթարի ժամանակ իրար են բախվել ընդհանուր առմամբ  6 մեքենա:

Սա ԱՄՆ-ում քաղաքական գործչի  մասնակցությամբ առաջին վթարը չէ: Այս տարվա սեպտեմբերին Ֆլորիդայում վթար է տեղի ունեցել  Բարաք Օբամայի շարասյան մասնակցությամբ, որի ժամանակ զոհվել է  նախագահի պահակախմբի մոտոցիկլետիստներից մեկը: Այս տարվա օգոստոսին  նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի շարասյան երկու ավտոմեքենա Նոր Օռլեանում վթարի են ենթարկվել: