Շվեյցարիայում վարորդ է ձերբակալվել, որը կարող է հավակնել ազգային հակառեկորդի` հարբած ղեկին նստելու առումով. ալկոհոլի խտությունը նրա արյան մեջ կազմել է 5,45- 6 պրոմիլ: Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները,  47-ամյա վարորդը ձերբակալվել է Լե Լոքլ քաղաքում:  Իրավապահների ուշադրությունը գրավել է ճամփեզրին կանգնած մեքենան, եւ վարորդին արթնացնելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն են անցել: Այդ ժամանակ նրանք շտապ օգնություն են կանչել, որը նրան տեղափոխել է հիվանդանոց, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արյան անալիզը ցույց է տվել ալկոհոլի չափազանց բարձր պարունակություն արյան մեջ: «Արդեն 3 պրոմիլի դեպքում մարդիկ կոմայի մեջ են ընկնում, թեեւ դա անհատական է: Հարբածության սահման, որից այն կողմ մարդը մահանում է, գոյություն չունի, թեեւ ոմանք կարող են մահանալ եւ 2 պրոմիլի դեպքում»,-ասել  է բժիշկ Ռեբեկա Անդրաուն:

Ըստ բժշկի` 4 պորմիլի հասնելու համար պետք է միանգամից մեկ շիշ օղի խմել: Վարորդի գործը փոխանցվել է դատախազություն: