Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատար Մարկ Հերթլինգը հայտարարել է, թե հստակ չէ, թե Սիրիայից որ ուժերն են արկեր արձակել Թուրքիա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գեներալը, անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, նշել է, թե ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի ցանկանում ռազմական միջամտություն անել Սիրիայում։

Խոսելով հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից Թուրքիա արձակված արկերի մասին, գեներալ Մարկ Հերթլինգը պնդել է, թե դեռ հստակ հայտնի չէ, թե այդ արկերն ում կողմից են արձակվել՝ նշելով, թե այն կարող են արձակած լինել նաեւ սիրիական ընդդիմության ուժերը՝ Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու համար։

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից: Հրետանային հարվածների հետեւանքով մահացել էր 5 խաղաղ բնակիչ։