Ֆրանսիացիների կեսից ավելին անհանգստություն է հայտնել երկրում իսլամի ազդեցության մեծացումից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ ելնելով Ֆրանսիայի հասարակական կարծիքի ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներից, որոնք հրապարակվել էին «Ֆիգարո» թերթում։
Ֆրանսիացիների շուրջ 60 տոկոսը կարծում է, որ իսլամն այսօր նշանակալի ազդեցություն ունի Ֆրանսիայում, պատասխանողների 35 տոկոսն անտարբեր է վերաբերվում խնդրին, 5 տոկոսը մահմեդականների գործոնն այնքան էլ նշանակալի չի համարում։
Ցավոտ հարց է մնում ֆրանսիական հանրությունում մահմեդականների ներգրավվածությունը։ Պատասխանողների 67 տոկոսը կարծում է, որ երկրի քաղաքացիների այդ հատվածը «բավարար չափով ներգրավված չէ» հանրությանը։
Մահմեդականների եւ բնակչության արեւմտյան արժեքներին հավատարիմ հատվածի միջեւ հարաբերությունները սրվել են վերջին ամիսներին։ Սեպտեմբերին Փարիզում «Մահմեդականների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի դեմ բողոքի ակցիա էր անցկացվել, որն ավարտվել էր զանգվածային ձերբակալություններով։ Ավելի ուշ կրակի վրա յուղ էին լցրել ֆրանսիական «Շարլի էբդո» ամսագրում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները։
Ֆրանսիայում, տարբեր տվյալներով, մահմեդական համայնքը 5-6 միլիոն մարդուց է բաղկացած, այն թվաքանակով խոշորագույնն է Եվրոպայում։





























