Դանիացին միջազգային «Ջեքփոթ Եվրո» վիճակախաղով 135 մլն կրոն (շուրջ 25 մլն դոլար) է շահել։ Սա Դանիայի պատմության մեջ ամենախոշոր շահումն է։ Նախորդ ռեկորդը կազմել էր 38,5 մլն կրոն եւ վճարվել 2008թ. մարտին։
Շահողի անունն առայժմ անհայտ է։ Հայտնի է միայն, որ հաջողակը 15-ական կրոնով 4 տոմս է գնել դանիական մայրաքաղաքի ծայրամասային Հերլեւ հիվանդանոցի Danske Spi կրպակից։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, «Ջեքփոթ Եվրո»-ում շահելու հավանականությունը 1:59 000 000 է, այն դեպքում, երբ սովորական վիճակախաղում 1:8 000 000 է։ Շահողին նաեւ ֆինանսական խորհրդականների անվճար երկու խորհրդատվություն է տրամադրվում, որպեսզի օգնեն արդյունավետ տնօրինել մեծ գումարը։ Ընկերության գերշահույթը բարեգործական նպատակների է ծառայեցվում։




























