ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին սկսվել են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք նախկինում անհավատալի էր պատկերացնել՝ գործատուներն իրենց աշխատողներին ասում են, թե ում օգտին նրանք քվեարկեն: Այս մասին վաշինգթոնյան «The Hill» թերթի բլոգում գրել է քաղաքական վերլուծաբան, պրոֆեսոր Գորդոն Լաֆերը:
Նրա խոսքով, Ամերիկայում հիմա տեղի է ունենում այն, ինչի համար հանրապետական Բուշի վարչակազմը բազմիցս քննադատության է ենթարկվել այլ երկրներին, օրինակ Հայաստանին ու Ուկրաինային:
Մասնավորապես, հեղինակը բերում է միլիարդատեր Դեւիդ Զիգելի օրինակը, ով իր 8 հազար աշխատողներին տեղեկացրել է, որ եթե առաջիկա 4 տարում իշխանության մնա գործող վարչակազմը, աշխատատեղերը կարող են վտանգի տակ հայտնվել: Այնուհետեւ նմանատիպ դիմումով հանդես է եկել նաեւ խոշոր արդյունաբերական Koch Industries ընկերությունը, հայտարարելով, որ աշխատողները կարող են տուժել սխալ ընտրության դեպքում:
«Կառավարությունը մշտապես դատապարտում է նման կարգի մարտավարությունը, որը կիրառվում է այսպես կոչված բանանային երկրներում: Այսպես, օրինակ, Բուշի վարչակազմը Ուկրաինայում կայացած ընտրություններն անօրինական էր համարել նաեւ այն պատճառով, որ միջազգային դիտորդները հայտնաբերել էին, որ պետական ձեռնարկությունների ղեկավարներն իրենց աշխատողներին «խորհուրդ էին տվել» քվեարկել իշխող կուսակցության օգտին:
Բուշի վարչակազմը քննադատել էր նաեւ Հայաստանի ընտրությունները, երբ դիտորդները հայտնել էին, որ ձեռնարկությունների աշխատակիցներին հանձնարարվել էր մասնակցել գործող նախագահի կողմնակիցների կազմակերպած հանրահավաքներին: Բիզնեսի լոբբինգով զբաղվողները ցանկանում են մեզ մոտ ներդնել այն, ինչը մենք չենք ընդունում հայերի եւ ուկրաինացիների դեպքում»,-գրում է Լաֆերը:
Վերլուծաբանի ներկայացմամբ, դժվար է պատկերացնել երկրի զարգացման համար ավելի վատ վեկտոր: Լաֆերը համարում է, որ դժվար թե հանրապետականների եւ դեմոկրատների համար առավել հարմար պահ լինի «մեր ժողովրդավարության հիմքերի ամրապնդմանն» ուղղված ջանքերը միավորելու համար:





























