Մոսկվայում հոկտեմբերի  27-ին կայացել է ընդդիմության համակարգող խորհրդի (ՀԽ) առաջին նիստը։ Այն տեղի է ունեցել DOME կինոբարում, իսկ «Էխո Մոսկվի» ռ/կ-ն ուղիղ հեռարձակում է ապահովել։

ՀԽ ընտրությունների կազմակերպիչ Լեոնիդ Վոլկովի խոսքով՝ նիստին մասնակցել են Խորհրդի ընտրված 45անդամներից 35-ը։ Եւս երկուսը՝ լրագրող Օլգա Ռոմանովան եւ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը կարող էին օրակարգի հարցերի քվեարկությանը մասնակցել հեռակա։

Գիտնական Անդրեյ Պիոնտկովսկին առաջարկել է ընտրություններում հաղթած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն ընտրել Խորհրդի առաջին նիստի նախագահ։

Նավալնու թեկնածությունը սատարել է հավաքվածների մեծամասնությունը։

ՀԽ առաջին նիստի գլխավոր հարցերից էր քաղբանտարկյալների հարցը։ Մասնավորապես, մասնակիցները կողմ են արտահայտվել հոկտեմբերի 30-ին նրանց աջակցության հանրահավաք անցկացնելուն։

Բացի այդ, ՀԽ անդամները հայտարարել են ընտրակեղծիքների դեմ զանգվածային բողոքի ակցիայի տարելիցին նվիրված ակցիա անցկացնելու մասին։ Այդ միջոցառման ամսաթիվն ու ձեւաչափը կորոշվի ավելի ուշ։