Վրաստանի նոր կառավարության կազմը հաստատելուց հետո հրաժարականների շքերթ է սկսվել երկրորդ էշելոնի պաշտոններում: Իրենց պաշտոնները լքում են Սահակաշվիլիի թիմի անդամները: Այսպես, մասնավորապես, իրենց պաշտոնները լքել են ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Լոմայան եւ ՆԳՆ պարեկային վարչության պետ Գոգո Գրիգալաշվիլին, իսկ գլխավոր դատախազը, ում ուզում էին հայտնել իր պաշտոնանկության մասին, երկրում չէ:

ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի հրաժարականի մասին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտնել է ԱԳ նոր նախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքով, Լոմայան անձամբ է նման որոշում կայացրել եւ այդ մասին իրեն հայտնել է ԱԳ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն: Փանջիկիձեն նաեւ նշել է, որ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններն արտասահմանում այս փուլում կպահպանեն իրենց պաշտոնները:

Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, նախօրեին Կախա Լոմայան հայտարարել է, որ ինքը մնում է Միխայիլ Սահակաշվիլիի թիմի անդամը:

ՆԳՆ պարեկային վարչության պետ Գրիգալաշվիլիի հրաժարականը նույնպես ինքնակամ է եղել: Այս մասին «IPN»-ին հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Սալոմե Մախարաձեն:

Նախօրեին Արդարադատության նոր նախարար Թեա Ծուլուկիանին դիմել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ պահանջելով պաշտոնից ազատել երկրի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավային: Գլխավոր դատախազի պաշտոնի համար Ծուլուկիանին նախագահին է ներկայացրել փաստաբան Արչիլ Կբիլաշվիլիի թեկնածությունը:

Միաժամանակ հաղորդվում է, որ արդարադատության նախարարն անձամբ պատրաստվում էր Զոդելավային հայտնել նրա պաշտոնանկության մասին, սակայն պարզվել է, որ նա երեք օր առաջ լքել է Վրաստանը եւ հայտնի թե, կվերադառնա՞, թե՝ ոչ: