Բրյուսելում, հոկտեմբերի 26-ին, տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 10-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ փոխնախարար, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Բանակցությունների արդյունքում կողմերն արձանագրել են, որ երկուստեք համաձայնեցված է ապագա համաձայնագրի նպատակների եւ ընդհանուր սկզբունքների, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության ու արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի հիմնական մասը:
Ներկայումս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցության առնչվող 28 գլուխներ:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄ միջեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց երկրորդ փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 2012թ. 2-4-ին Երեւանում:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում աշխատանքներ տանել Ասոցացման օրակարգ ձեւավորելու ուղղությամբ՝ ինչը իրենից կներկայացնի Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված՝ ոչ իրավական բնույթի փաստաթուղթ եւ կփոխարինի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը:
Ասոցացման համաձայնագրի բանակցությունների հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել 2012թ. դեկտեմբերի երկրորդ կեսին:





























