Հայտնի գենետիկ Քրեյգ Վինտերը դարձել է Նյու Յորքում անցկացվող «Wired Health Conference»-ի աստղը: Սկզբում գիտնականը, ով նաեւ արկածախնդրի համբավ ունի, հայտարարել է այնպիսի սարքավորման փորձարկման մասին, որը կարող է Մարսի հողի նմուշի մեջ որոնել ոչ երկրային օրգանիզմների ԴՆԹ-ն:
Դրանից հետո Վինտերն առաջարկել է կենսաբանական տեղեկատվությունը վերածել թվայինի, այն ուղարկել էլեկտրոնային փոստով եւ տպել յուրօրինակ 3D բիոտպիչով, որը նուկլեոտիդներն անհրաժեշտ հաջորդականությամբ է դասավորում` ստացված տվյալներին համապատասխան:
Եթե ապագայում հնարավոր լինի Կարմիր մոլորակի վրա գենետիկ նյութի հետքեր գտնել, ապա հնարավոր կլինի տեղում վերծանել նմուշներն ու նրանց թվային օրինակներն ուղարկել Երկիր:
Գիտնականը նաեւ բացառիկ տեխնոլոգիայի միանագմայն «երկրային» կիրառություն ունի: Նա կարծում է, որ 3D բիոտպիչի օգնությամբ հնարավոր է բժշկության ոլորտում հեղաշրջում կատարել` դրա միջոցով տարածելով պատվաստանյութերը: Հիմա նման պրեպարատների վրա շաբաթներ եւ ամիսներ են գնում: Վինտերը պնդում է, որ ինքն ու իր գործընկերները սցենար են մշակել, երբ նոր վիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր է ստեղծել եւ տարածել աշարհով մեկ 24 ժամվա ընթացքում:
Ինչպես նշում է «Վեստին», Վինտերը գենետիկայի ոլորտի ամենահայտնի գիտնականներից է, ով հաճախ ամենագերբնական թվացող պլանները իրականություն է դարձնում:




























