Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել են ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնին եւ Իլյա Յաշինը: Դրանով ոստիկանները ընդհատել են ընդդիմադիրների «քաղաքական զբոսանքը» Լյուբյանսկայա հրապարակից մինչեւ Լեֆորտովո:
Երկու օր առաջ ընդդիմադիրները տեղեկացրել էին, որ պիկետներ ու զբոսանքներ են կազմակերպելու Լյուբյանսկայա հրապարակից մինչեւ Լեֆորտովո՝ բողոքելով քաղաքական բռնաճնշումների դեմ, հաղորդում է Pravda.ru-ն:
Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր էջում գրել է. «Ճանապարհից լավ երեւում է, որ ամբողջ Մարոսեյկայում ու Պոկրովկայում պաստառներով մարդիկ են կանգնած»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովի ձերբակալման մասին, ով չի մասնակցել ակցիային, հաղորդում է «Ռոսբալտը»: Նրան ձերբակալել էին այն պահին, երբ նա իր կողմնակիցների ու լրագրողների ուղեկցությամբ քայլում էր Մյանիցկի փողոցով: Ուդալցովը հայտարարել է, որ իրեն ձերբակալել են առանց բացատրելու պատճառները:




























