Ուկրաինայում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 08:00-ին սկսվել է երկրի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Գերագույն ռադայի 450 տեղի համար պայքարում են 5207 թեկնածուներ:
Ինչպես գրում է Forbes-ը, Գերագույն ռադայի ընտրությունները թվով 6-րդն են ժամանակակից Ուկրաինայի պատմության մեջ, սակայն վերջին 10 տարում առաջին անգամ է, որ քվեարկությունը տեղի կունենա խառը ընտրակարգով: Օրենսդիր մարմնի կեսը կձեւավորվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրությունների կմասնակցեն 87 քաղաքական ուժեր, սակայն նրանցից միայն 21-ն են ընտրություններին մասնակցում կուսակցական ցուցակներով, մնացածն իրենց թեկնածուներին առաջադրել են միամանդատ ընտրատարածքներում:
Քվերակությանն ընտրողների մասնակցության նվազագույն շեմ գոյություն չունի, ուստի ցանկացած դեպքում ընտրությունները կհամարվեն կայացած: Քվեարկության նախնական տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի 29-ին, իսկ վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի մինչեւ նոյեմբերի 21-ը:
Իշխող «Ռեգիոնների կուսակցությունը», սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներով առաջին տեղում է: Ուկրաինայի նախկին վարչապետ, ներկայումս ազատազրկված Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինան» եւ խորհրդարանի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկի «Փոփոխությունների ճակատը» միավորվել են եւ ընտրություններում ներկայանում են «Բատկիվշչինա» դաշինքով: Հարցումների համաձայն, այդ դաշինքը զբաղեցնում էր երկրորդ տեղը, իսկ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի «Ուդառ» (Հարված) կուսակցությունը, որն իրեն նույնպես ընդդիմադիր է համարում՝ երրորդ տեղը:




























