Ավելի քան 22,6 հազար մարդ, որոնցից 21,7 հազարը մահմեդականներ, Մյանմարի արեւմուտքում գտնվող Ռակհայն նահանգում տեղի ունեցած միջկրոնական բախումների հետեւանքով ստիպված են եղել գաղթել բնակության վայրերից: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Յանգոնում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Աշոկ Նիգամը: Փախստականներից շատերը շարժվել են Ռակհայն նահանգի կենտրոն` Սիտուե քաղաք:

Այս տարածաշրջանում բուդդայականների ու մահմեդականների միջեւ կոնֆլիկտը վաղուց գոյություն ունի, սակայն մեկ շաբաթ առաջ այն վերաճել է  խոշոր բախումների, որի արդյունքում այրվել է ավելի քան 4,6 հազար տուն, մահացել` 112 մարդ:

Անկարգություններն սկսվել են բուդդայական աղջկա բռնաբարության ու սպանությունից հետո, որում բուդդայականները մեղադրում են մահմեդականներին: Բախումներն երկու կրոնական համայնքների միջեւ սկսվել էին դեռեւս 2012թ-ի հունիսին: Այդ ժամանակ իշխանությունները մի շարք շրջաններում հաստատեցին արտակարգ իրավիճակ ու պարետային ժամ, սակայն բախումները գնալով ավելի զանգվածային բնույթ ստացան: Իրադրությունը վերահսկելու համար Ռակհայն նահանգ տեղափոխվեցին լրացուցիչ զորքեր: Հունիս- հուլիս ամիսներին, անկարգությունների հետեւանքով մահացել է 80 մարդ, 75 հազարը դարձել փախստական, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: