Սաուդյան Արաբիան մտադիր է Քաբուլում կառուցել տարածաշրջանում ամենամեծ «Մալիք Աբդուլա» իսլամական կենտրոնը:

Ինչպես հաղորդում է «Khaama Press»-ը, Աղֆանստանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ ստորագրվել է համաձայնագիր` Քաբուլի կենտրոնում նման կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Համաձայնագրի ստորագրման օրը նշված չէ: Իսլամական կենտրոնում իր աշխատանքները կիրականացնի Իսլամական համալսարանը, 5 հազ. ուսանողի համար կկառուցվի առանձին բաժանմունք, հիվանդանոց ու սպորտային համալիր:

Համալսարանին կից հիմնվելու է մզկիթ`15 հազ հավատացիալների համար: Այն նմանվելու է Իսլամաբադում գտնվող մզկիթին: Ծախսերը, որոնք կազմում են 45-100 մլն դոլար, հոգալու է Սաուդյան Արաբիան: Շինարարությունը կտեւի մոտ երեք տարի: Իսլամական կենտրոնում բացի սովորական ուսուցումից, կնախապատրաստվեն կրոնական որակավորված մասնագետներ, ու այլեւս անհրաժեշտություն չի զգացվի ուսում ստանալու համար մեկնել հարեւան Պակիստան, որտեղ հզոր է «Թալիբան» շարժման ազդեցությունը: