Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրություններում արձանագրությունների 15%-ի մշակումից հետո 38,63%  ձայներով առաջատարն է իշխող «Ռեգիոնների կուսակցությունը»: Երկրորդ տեղում է ընդդիմադիր  «Բատկիվշչինան»` 20,12%-ով: Այնուհետեւ Կոմկուսն է` 15,63%-ով, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «ՀԱՐՎԱԾ»-ը ստացել է 12,06%, իսկ ազգայնական «Ազատությունը»` 6,71%:

Սակայն, չնայած իշխող կուսակցության ակնհայտ առավելությանը, հնարավոր է, նրան դիմակայի միասնական ընդդիմությունը, նշում է ԱիՖ-ը:

Կլիչկոյի կուսակցությունը նոր խորհրդարանում մտադիր է միավորվել ընդդիմադիր «Բատկիվշչինայի» եւ ազգայնական «Ազատության» հետ: «Բատկիվշչինա» եւ «ՀԱՐՎԱԾ» կուսակցությունները միավորվելով պատրաստվում են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին իմպիչմենթ ներկայացնել:

«Բատկիվշչինա» միավորված ընդդիմության նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը նույնպես հայտարարել է, որ պետք է դնել իմպիչմենթի եւ նախագահական արտահերթ ընտրություններ ացկացնելու  հարցը:  Սպասվում է, որ այդ նախաձեռնությանը կաջակցի նաեւ ազգայնական «Ազատությունը»:

Ուկրաինայում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցան յոթերորդ գումարման Գերագույն Ռադայի ընտրություններ: Ընտրություններին հետեւում էին 360 հազար դիտորդներ` կուսակցություններից, թեկնածուներից, միջազգային կազմակեպություններից եւ արտասահմանյան պետությունների դեսպանություններից: Ընտրությունների տեսադիտարկման համակարգի համար պետությունը ծախսել է 1 միլիարդ գրիվեն: