Օխոտի ծովում կորած ռուսական «Ամուրսկայա» շոգենավի վրա 700 տ ոսկու հանքաքար է եղել: Բեռնանավը այն Կիրանից Օխոտսկ էր տեղափոխում, հայտնում է Հեռավորարեւելյան տրանսպորտային դատախազությունը: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ նավում եղել են 9 նավաստիներ: Ավելի վաղ հաղորդվել էր անձնակազմի 11 անդամների մասին:
Կորած նավի որոնումներին հոկտեմբերի 29-ին միացել են ձկնորսական 2 նավեր: «Նովիկ» նավի հետ նրանք որոնողական աշխատանքներ են իրականացնում Շանտարյան կղզիներից ոչ հեռու: Հենց այդտեղ է նախօրեին աշխատել բեռնանավի վթարային ազդանշանը:
Անհետացման վայր է մեկնել ԱԻՆ-ի Հեռավորարեւելյան ավիացիոն-փրկարարական կենտրոնի Բ-200 ինքնաթիռը: Որոնումներին է միացել նաեւ Մի-8 ուղղաթիռը: Սակայն խոչընդոտում է եղանակը, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 28-ին Օխոտի ծովում կորել էր ռուսական «Ամուրսկայա» շոգենավը` անձնակազմի 11 անդամներով:




























