Նյու Յորքում վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ կփակվեն բորսաները: Դա «Ֆրանկենշտորմի» հետեւանքն է, որը դեռ նոր է մոտենում ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքին:
Աճուրդների հետաձգման մասին են հայտարարել NYSE Euronext եւ NASDAQ բորսաները, հայտնում է CNBC հեռուստաընկերությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ NYSE Euronext-ը մտադիր է երկուշաբթի էլեկտրոնային աճուրդ անցկացնել, սակայն երեւում է` որոշվել է հրաժարվել այդ ծրագրերից, գրում է «gazeta.ru»-ն:
Էներգապաշարների շուկայում առաջին փոփոխություններն են տեղի ունեցել, բենզինը թանկացել է 1%-ով, հայտնում են լրատվամիջոցները: Դա տեղի է ունեցել, քանի որ Նյու Ջերսի նահանգում փոթորկի պատճառով փակվել է խոշոր նավթամշակող ConocoPhillips գործարանը: Կորուստներ է կրում նաեւ խաղային բիզնեսը` Ատլանտիկ սիտիում փակ են բոլոր խաղատները: Չեն աշխատում Բրոդվեյի թատրոնները, հայտնում է «Ռոսբալտը»:
Ինչպես հայտնում է rbc-ն, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը փակ է:
Նյու Յորքի ցամաքային հասարակական տրանսպորտի եւ մետրոպոլիտենի աշխատանքը կդադարեցվի: Ամերիկյան ավիաընկերությունները հետաձգել են 3 հազար չվերթ` փոթորկի պատճառով:
Սպասվում է, որ «Սենդի» փոթորիկը ԱՄՆ-ի հյուսիս-արեւելք կհասնի հոկտեմբերի 29-ին: Նահանգներում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ:




























