Բաղդադում եւ մերձակա քաղաքներում ահաբեկչությունների շարքի հետեւանքով զոհվել է 12 մարդ, եւս 38-ը վիրավորվել են:
Ամենախոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին` Իրաքի մայրաքաղաքի հյուսիսային շիական թաղամասերից մեկում, որտեղ պայթել է ականապատ մեքենան, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Սովորաբար Իդ Ալ Ադհա (Ղուրբան բայրամ) տոնի օրերին Իրաքում աճում է ահաբեկչությունների թիվը, այդ պատճառով էլ երկրում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ: Հոկտեմբերի 27-ին պայթյունների հետեւանքով զոհվել էր 40 մարդ:
Իրաքում լարվածության աճը կապված է մահմեդական 2 խոշորագույն համայնքների` սունիների եւ շիաների պատմական հակամարտությամբ: 2003 թվականին ԱՄՆ-ի Իրաք ներխուժելուց հետո, որի հետեւանքով տապալվեց Սադամ Հուսեյնը, շիաները ճնշեցին սունիներին` զբաղեցնելով պետական մի շարք կարեւոր պաշտոններ:




























