Ֆիլիպիններում  դատում են երկրի նախկին նախագահ Գլորիա Արոյոյին`ազգային վիճակախաղի 8 միլիոն դոլար կազմող ֆոնդերի շորթման գործով: Գործընթացի սկզբում պետության նախկին ղեկավարը հրաժարվել է  ընդունել իր մեղքը: Գլորիա Արոյոն Ֆիլիպինները ղեկավարել է 2001-2010 թթ., նրան սպառնում է ցմահ բանտարկություն:

Ողնաշարային հիվանդությամբ տառապող Արոյոն անդամալույծի սայլակով դատարան է ժամանել զինհոսպիտալից, որտեղ կալանքի տակ էր պահվում, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Սա նախկին նախագահի դեմ հարուցված  արդեն երրորդ գործն է կաշառակերության մեղադրանքով: Նա մեղադրվում է նաեւ 2007 թվականի ընտրությունների կեղծման մեջ:

Ֆիլիպինների գործող նախագահ Բենիգնո Ակինոն պնդում է, որ իր նախորդի նկատմամբ դատը կառավարական ծրագրի կարեւորագույն կետերից է` ուղղված կաշառակերության դեմ պայքարին: Արոյոն էլ իր հաջորդին մեղադրում է  քաղաքական վրեժխնդրության մեջ:

Առաջին անգամ Արոյոն ձերբակալվել էր 2011 թվականի նոյեմբերին, երբ փորձել էր լքել երկիրը` արտասահմանում բուժվելու նպատակով: