Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի սիրելի վայրում` Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում, անցնող կիրակի սկսվել է իշխանափոխության գործընթացը:
Աշխատանքն սկսել է ինքնավարության Գերագույն խորհրդի նոր կազմը, որում տեղերի բացարձակ մեծամասնություն է ստացել Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան: Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միաժամանակ կայացած ԱԻՀ ԳԽ ընտրությունների արդյունքում Ինքնավարության խորհրդարան են անցել 13 ներկայացուցիչներ «Վրացական երազանքից» եւ միայն ութ պատգամավորներ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումից»:
Հենց առաջին նիստին Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Ավթանդիլ Բերիձեն: Աջարական խորհրդարանի փոխխոսնակի եւ մշտական 5 հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները եւս զբաղեցրել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Արչիլ Խաբաձեն: Նա կհաստատվի մեկ շաբաթվա ընթացքում, որով էլ կավարտվի Աջարիայում իշխանափոխության գործընթացը: Խաբաձեն կփոխարինի Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակից Լեւան Վարշալոմիձեին` 2004 թվականի մայիսի 6-ի այսպես կոչված հեղափոխության հերոսներից մեկին, երբ Վրաստանի կենտրոնական իշխանությունները տապալեցին Աջարիայի բազմամյա ռուսամետ ղեկավար Ասլան Աբաշիձեին:
Նշենք, որ Աջարիան եւ նրա մայրաքաղաք Բաթումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի սիրելի վայրն էր: Նրա սերը «Վրաստանի զբոսաշրջային մայրաքաղաքի նկատմամբ» հասել էր նրան, որ այստեղ հաճախ են հյուրընկալվել արտասահմանյան բարձրաստիճան պատվիրակություններ, պետության ղեկավարներ: Սահակաշվիլիին հավատարիմ լրատվամիջոցները վերջին տարիներին անընդհատ ընդգծում էին «Բաթումիի ինտենսիվ զարգացումը»: Սակայն, ընտրությունների արդյունքից պարզ դարձավ, որ Բաթումի բնակիչների համար կարեւորը թանկ հյուրանոցների կառուցումը եւ այգիների անմտածված ընդլայնումը չէր, այլ կոյուղատար համակարգի եւ փողոցների ասֆալտապատման տարրական խնդիրների լուծումը: Բաթումի քվեարկության արդյունքները հետեւյալն էին. «Վրացական երազանքը» ստացել էր 65%` ջախջախելով Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժմանը»:





























