Georgian Times մեդիահոլդինգի  հիմնադիր  Մալխազ Գուլաշվիլին, ով 1,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել Վրաստանի սահմանն անօրինական կերպով հատելու մեղադրանքով,  բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել: Գուլաշվիլին վստահեցնում է, որ եղել է «Միխայիլ Սահակաշվիլիի անձնական քաղաքական կալանավորը»:

«Այսօր ոչ միայն ինձ են ազատել, այլ նաեւ Georgian Times թերթը: Այն շուտով կվերսկսի աշխատանքը»,-հայտնել է  Գուլաշվիլին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

2010 թ-ի հունիսին  Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով դատապարտել է Գուլաշվիլիին եւ նրա որդուն` Դավիթին, ովքեր փորձել են լքել Վրաստանի տարածքը:

2011 թ-ի հոկտեմբերին Վրաստանի իրավապահ մարմինները  Գուլաշվիլիին եւ  որդուն` Դավիթին  ձերբակալել են Ադրբեջան- Վրաստան սահմանի վրա: Այն ժամանակ դատախազը հայտնել է, որ Գուլաշվիլին  ընդունել է իր մեղքը եւ համագործակցել է հետաքննության հետ, ինչի հիման վրա  իրականացվել է գորընթացային համագործակցություն եւ որպես պատիճ նրա համար ընտրվել է 1 տարի 6 ամսվա ազատազրկում: Ինչ վերաբերում է Դավիթին, ապա նրան գրավի դիմաց ազատ են արձակել:

Գուլաշվիլին հայտնել է, որ ստիպված է եղել Վրաստանը լքել` վախենալով որդու կյանքի համար: Նրա խոսքով,  երկրից հեռանալու որոշումը նա կայացրել է այն բանից հետո, երբ նրա որդուն փորձել են առեւանգել, իսկ ընտանիքի հասցեին իշխանության կողմից  անընդհատ սպառնալիքներ են հնչել:

Ավելի վաղ նաեւ հաղորդվել է, որ Գուլաշվիլին  հետախուզվում է 2010 թ-ի մայիսի 7-ին «Կավկասիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում խուլիգանական արարք կատարելու համար: Այն ժամանակ նա եւ իր համախոհները  հեռուստաընկերությունում  կռիվ են սարքել  ընդդիմախոսի հետ: