Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին եւ Նոր Հարավային Ուելս նահանգին:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե  Ղահրամանյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԼՂՀ  նախագահը շնորհակալություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի կողմից ԼՂՀ-ի եւ նրա ժողովրդի  ինքնորոշման իրավունքի ճանաչման գործում աջակցության համար: 

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայ դատի հանձնախմբին  եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Մենք  համոզված ենք, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն աջակցելուն ուղղված ջանքերը  կշարունակվեն նաեւ ապագայում»,- հայտարարել է Սահակյանը:

Իր հերթին Ղահրամանյանը նախագահ Սահակյանին վստահեցրել է, որ Հանձնախումբը եւ ամբողջ աշխարհում կազմակերպության ցանցը կշարունակեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանն ուղղված  ջանքերը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդը հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի անկախության եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բանաձեւ էր ընդունել: Բանաձեւն ընդունելով` Օրենսդիր խորհուրդը  «Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ խորացնել հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի եւ նրա քաղաքացիների հետ»: