Ռուսական լրատվամիջոցների գլխավոր նորությունը հոկտեմբերի 29-ին այն է, որ Մոսկվայի կենտրոնում հասարակաց տուն է բացահայտվել: Հաղորդվում է, որ  ինտիմ ծառայությունների սրահը հայտնաբերվել է Սրետենի մենաստանին կից առանձին շինությունում:

Սակայն մենաստանի փոխհարաբերությունները հասարակաց տան հետ հստակ չեն: Մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով մենաստանի ծառայողներին հայտնում են, որ շինությունը մենաստանը վարձակալել է ապագա վարժարանի համար, եւ հոգեւորականները պատահաբար են  հայտնաբերել այդ որջն իրենց քթի տակ, երբ որոշել են  այնտեղ ստուգում անցկացնել: Այլ լրատվամիջոցներ էլ, կրկին վկայակոչելով սուրբ հայրերին, հայտնում են, որ վանքը տվյալ շինության հետ ոչ մի կապ չունի, իսկ Սրետենի մենաստանի վարժարանը գործում է արդեն 10 տարի: 

Ինչպես «Ռոսբալտին» հայտնել են ՌԴ-ի Մոսկվայի ՆԳՆ-ի ԳՎ-ում, տվյալ  «հյուրանոցը» հայտնի է եղել որպես  «սիրահարների» հյուրանոց: Շենքում եղել է  տարբեր գնային կարգի 7 սենյակ` սկսած հազար 750 ռուբլուց` 1 ժամի դիմաց: Օպերատիվ խումբը ստուգման ընթացքում ձերբակալել եւ բաժին  բերման է ենթարկել 2 աղջիկների: Նրանց նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել: 

Սրետենի մենաստանը տղամարդկանց ուղղափառ մենաստան է, առաջնորդն է  Կիրիլ պատրիարքը: