Տասնյակ հազարավոր մարդիկ հոկտեմբերի 29-ի առավոտյան հավաքվել էին Անկարայի պատմական կենտրոնի Ուլուս հրապարակում`մասնակցելու ընդդիմության` Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքին, որի անցկացումն իշխանությունները չէին արտոնել: Թուրքական հանրապետության հռչակման 89-րդ տարեդարձի առթիվ պաշտոնական հանդիսություններն արտոնվել էին միայն Անկարայի վազքուղում` երկրի ղեկավարության մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, Բանվորական կուսակցությունը եւ հասարակական 40 կազմակերպություններ որոշել էին հավաք անցկացնել թուրքական առաջին խորհրդարանի շենքի մոտ, հետո ուղեւորվել դեպի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան:

Անկարայի նահանգապետը թույլ չի տվել ըննդիմության ակցիայի անցկացումը: Թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով այդ որոշումը, հայտարարել էր, որ  մայրաքաղաքի իշխանությունները տեղեկություններ ունեն ծրագրվող սադրանքների մասին եւ այդ պատճառով էլ արգելել են հավաքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ուլուս հրապարակում`Աթաթուրքի հուշարձանի մոտ հավաքված ընդդիմության կողմնակիցները ձեռքներին ունեցել են ազգային դրոշներ եւ Աթաթուրքի  դիմանկարները:  «Մենք Մուսթաֆա Քեմալի զինվորներն ենք», «Կեցցե անկախ Թուրքիան», - գոչել են նրանք:

Ըստ CNNturk հեռուստաընկերության` թուրքական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ընդդիմության հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանական  խմբեր են  կանգնած եղել նաեւ Անկարայի մուտքի մոտ, եւ ոստիկանությունը քաղաք չի թողել 10 ավտոբուս, որոնցում  ակցիային մասնակցելու համար ուղեւորվելիս են եղել  այլ քաղաքների ակտիվիստներ: Այս ամենը տեղի է ունենում  հարեւան երկրների` մասնավորապես Սիրիայի, ժողովրդավարացման անհրաժեշտության վերաբերյալ թուրքական ղեկավարության ցինիկ արտահայտությունների պայմաններում: