«Ռոսանո» կորպորացիայի ղեկավար, «ՌԱՕ «ԵԷՍ»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսը հերթական մարգարեությունն է արել Ռուսաստանոի քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ ընդդիմադիր տրամադրությունները կշարունակեն աճել եւ հաջորդ հանրահավաքին կարող է ներկա լինել արդեն 500 հազար մարդ:

«Իտոգի» ամսագրին տված հարցազրույցում, «Ռոսանո»-ի ղեկավարը հայտարարել է. «Այն, որ վերջին անգամ ընդդիմության երթին մասնակցել է ոչ թե 100, այլ՝ 30 հազար մարդ, բոլովին չի նշանակում իրավիճակի հանդարտման մասին: Կլինեն էլի տասնյակ հանրահավաքներ, որոնց կմասնակցեն 3 հազարական մարդ, իսկ հետո հանկարծակի կարող է հավաքվել 500 հազար մարդ»:

Հասարակությունը ցանկացած դեպքում կհասնի քաղաքական փոփոխությունների, համարում է Չուբայսը: «Այդ գնացքը հետ չի գնում»,-ասել է նա: Չուբայսը նաեւ կարծիք է հայտնել, որ  առաջիկա 10 տարվա ընթացքում, Ռուսաստանում տնտեսական փոփոխություննների նշանակությունը կստորադասվի քաղաքական փոփոխությունների նշանակությանը: Չուբայսը պարզաբանել է, որ Ռուսաստանում գլխավոր արգելակը ոչ թե տնտեսության մեջ է, այլ հենց՝ քաղաքականության:

«Ռոսանո» կորպորացիայի ղեկավարն ընդգծել է, որ հնարավոր է ամեն ինչ. «ժողովրդավարական ինստիտուտների հանգիստ, էվոլյուցիոն զարգացումից» մինչեւ «իսկական սոցիալական ցնցումներ՝ 1990-ականների մասշտաբներով»: Չուբայսը վստահ է, որ էվոլյուցիոն զարգացման պոտենցիալն ամբողջությամբ սպառված չէ եւ միայն «իշխանությունների շատ կոպիտ սխալները հարող են հանգեցնել խիստ դիմակայության եւ գլոբալ քաղաքական աղետի»: