Սիրիայի ընդդիմության զինյալները շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը, որը միակողմանիորեն հայտարարել էր Սիրիայի կառավարությունը՝ մահմեդականների Զոհաբերության տոնի առթիվ:
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Դամասկոսի Ջարաման արվարձանում ականապատված աավտոմեքենա է պայթել: Նախնական տվյալներով, զոհվել է 10 մարդ, ավելի քան 50 քաղաքացի վիրավորվել է, նրանց շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել:
Հոմսի շրջանի Զաաֆարանի ավանում զինված խմբավորումները հարձակվել են բանակի անցակետերի վրա: Զինվորականները կրակ են բացել եւ սպանել ընդդիմադիր զինյալներից մի քանիսին:
Դեյ էս-Զոր նահանգում 4-րդ օրն է զինված խմբավորումները շարունակում են հարձակումները:
Ընդդիմադիր զինյալները հարձակումներ են իրականացրել Շհիլի շրջանում, որից հետո կառավարական ուժերը պատասխան կրակ են բացել: Արդյունքում սպանվել են մի քանի ընդդիմադիր զինյալներ եւ ոչնչացվել են նրանց մեքենաները:
Միաժամանակ, հոկտեմբերի 29-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի հետ, հաղորդում է RBK-ն:
Ռուսաստանը վրդովված է, որ Սիրիայում Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում հայտարարված հրադադարի մասին հայտարարությունն անտեսվել է:
Խոսելով Սիրիայում հակամարտության կարգավորման հետագա պլանների մասին, հատուկ բանագնացն, իր հերթին, հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի նախատեսում խաղաղապահներ ուղարկել այդ երկիր: «Ներկայումս ՄԱԿ-ը չի քննարկում Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը»,-ասել է Բրահիմին, հավելելով, որ Սիրիա առաքելություն ուղարկելու հնարավորությունը մշակվում է այն դեպքի համար, եթե համապատասխան որոշում կայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:




























