ՄԱԿ-ի գլխավոր Ասամբելայի ղեկավար սերբ Վուկ Երեմիչը Նյու Յորքի պերճաշուք Վերին Իստ-Սայդ թաղամասում դեմ է առել մթերային խանութի դատարկ դարակներին: Twitter-ի իր միկրոբլոգում նա ինքն է հայտնել այդ մասին: «Նյույորքյան Վերին Իստ-Սայդի խանութում, չեք հավատա, ամեն ինչ տարել էին»,-գրե է նա` տեքստին կցելով դատարկ դարակների լուսանկարները:
ԱՄՆ-ի բնակիչները մթերքի պաշար են հավաքում՝ Ատլանտյան օվկիանոսից «Սենդի» փոթորկի մոտենալու պատճառով: Փոթորիկը մոտենում է ժամում 17 կմ արագությամբ, որի ուղեկցող քամիների արագությունը հասնում է 120 կմ/ժամի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես փոխանցում է ՆՏՎ-ն, «Սենդի» փոթորկի հետ հանդիպումից խուսափելու համար Նյու Յորքը լքել է 375 հազար մարդ, ովքեր հիմնականում ներքին Մանհեթենի բնակիչներ են: Եվս 50 հազար մարդ փախել է Դելավեր նահանգից եւ 30 հազար մարդ` Աթլանտիկ-Սիթիից: Հետաձգվել են արեւելյան ափի ավելի քան 7400 չվերթներ:
Ինչպես հաղորդել է «Գազետա.ru»-ն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ արեւելյան ափին մոտեցող «Սենդին» կլինի «լուրջ եւ մեծ փոթորիկ»: Նա հանդիպել է արտակարգ իրավիճակների պաշտոնյաների հետ:
«Իմ հաղորդագրության հիմնական գաղափարն այն է, որ դուք պետք է դրան լուրջ վերաբերեք: Նա նաեւ բնակիչներին կոչ է արել լսել «տեղացի պաշտոնյաներին»:
«Սենդի» փոթորիկը կարող է դառնալ վերջին հարյուրամյակի ամենաուժեղ փոթորիկը: Անցնելով Կարիբյան կղզինեի վրայով` նա արդեն 70 մարդու մահվան պատճառ է դարձել:





























