Վրաստանի բանտերից մինչեւ նոյեմբերի 1-ն ազատ կարձակվեն 355 բանտարկյալներ։ Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողներին հայտնել է պատիժների իրականացման նոր նախարար Սոզար Սուբարին։ Նրա խոսքով, պայմանական-վաղաժամ ազատ արձակումն սկսվել է երեկ եւ կշարունակվի 2 օր։

Նա նշել է, որ պատիժների իրականացման նախարարությունում առաջիկայում նախատեսվում են մի շարք բարենորոգումներ: «Մենք որոշել են կրճատել պայմանական դատապարտված բանտարկյալների պատժաժամկետը ու դա կատարվելու է ոչ թե ամիսը մեկ անգամ, այլ ավելի հաճախակի»,- հայտնել է Սոբարին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Ըստ «Գրուզիա օնլայն»-ի, Սոզար Սոբարին անրադարձել է նաեւ հիվանդ բանտարկյալների հարցերին ու ասել, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն: «Մեզ մոտ այնքան էլ մեծ թիվ չեն կազմում հիվանդ բանտարկյալները, ընդամենը մի քանի տասնյակ։ Անհրաժեշտ է նրանց անհապաղ ազատ արձակել, քանի որ մարդու առողջությունը ամենակարեւորն է»- նշել է նախարարը։