Հայաստանում ոսկերչությունն ավելի արագ կզարգանա, եթե բանկային համակարգը վերանայի իր մոտեցումները ոլորտի նկատմամբ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Դավթյան դիզայն» ոսկերչական ընկերության ղեկավար Արմեն Դավթյանը: «Բանկերն այս ոլորտը դիտում են ռիսկային, բիզնես վարկեր տրամադրելուց առաջ պահանջում են անշարժ գույք: Եվրոպայկում այդպես չէ, այլ երկրներում վարկավորման պայմաններն ավելի մեղմ են»,- ասաց Ա. Դավթյանը: Նրա կարծիքով` Հայաստանում ոսկերչությունը պետք է ընդգրկել միջազգային կառույցների ֆինանսավորմամբ իրականացվող արտոնյալ վարկավորման ծրագրերում:

Նշենք, որ Երեւանում գործող «Դավթյան դիզայն» ընկերությունը ներկայացված է «Արմենիա մարիոթ» հյուրանոցում բացված ոսկերչական խոշոր ցուցահանդեսում: Ընկերությունն ունի 30 աշխատակից, աշխատում է հիմնականում անհատական պատվերներով` կենտրոնանալով օրիգինալ-էքսկլյուզիվ (եզակի) գործեր ստեղծելու մեջ: Պատվերների զգալի մասը ստացվում է ռուսական շուկայից: Ըստ Ա. Դավթյանի` որպես հումք օգտագործում են շվեյցարական սերտիֆիկացված բանկային ոսկյա ձուլակտորները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am