Միջազգային դիտորդների գնահատականները կիսվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունների վերաբերյալ: Այսպես, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործկոմի փոխնախագահ Վլադիմիր Գարկունը հայտարարել է, որ ընտրություններն անցել են ազատ եւ երկրի օրենսդրությանը համապատասխան:

Ավելի վաղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները հայտարարել էին, որ Գերագույն ռադայի ընտրություններն անցել են առանց լուրջ խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրողների կամարտահայտության վրա, հաղորդում է «Կոմենտարիի»-ն:

Միաժամանակ, ԵԱՀԿ դիտորդներն արձանագրել են, որ «այս ընտրությունները վկայում են Ուկրաինայում ժողովրդավարության ավարտի մասին»: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ առաքելության հատուկ համակարգող Հաբսբուրգ Դուգլասը: Նրա խոսքով, քարոզարշավի ընթացքում իշխանության հսկայական չարաշահումներ են եղել, «հսկայական դեր է խաղացել փողը», ինչը բացասաբար է ազդել երկրում ժողովրդավարության հետագա զարգացման համար:

Ավելին, ԵԱՀԿ դիտորդները բացասական են գնահատել խորհրդարանական ընտրություններն ու նշել, որ դրանք անցկացվել են ոչ թափանցիկ մթնոլորտում։

Դուգլասի խոսքով, նահանջ էր նաեւ այն, որ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ այդ թվում Յուլյա Տիմոշենկոն ու Յուրի Լուցենկոն բանտարկված էին։ Այս ընտրությունները, համեմատած նախորդի հետ կարելի է մեկ քայլ հետ համարել:

Հիշեցնենք, որ Ուկրանիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 28-ին։ Նախնական հաշվարկից հետո Ռեգիոնների Կուսակցությունը ստացել է ձայների 34,27 տոկոսը, «Բատկիվշչինան»՝ 22,46 տոկոս, Կոմունիստական Կուսակցությունը ՝14, 73 տոկոս, «Հարված» կուսակցությունը՝12,73 տոկոս, «Ազատություն» նացիոնալիստական կուսակցությունը՝ 8,68 տոկոս։ Ընդհանուր հաշվարկվել է մոտ 11,6մլն ձայն։

Փաստորեն Ռեգիոնների Կուսակցությունը գլխավորում է 225 ընտրատեղամասերից 120-ում։ Իսկ 57 օկրուգներում առջեւում են այլ կուսակցություններ ու ազատ թեկնածուներ։