Հայաստանի փոխվարչապետ, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2012թ. 9 ամսվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները:

ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Գնդոյանը մասնավորապես անդրադարձել է ՊՈԱԿ-ի կողմից հարկային պարտավորությունների կատարմանը: Արձանագրվել է, որ գործընթացում նկատվել են թերություններ, որոնք պետք է վերացվեն: Փոխվարչապետը ՊՈԱԿ-ի ղեկավարին առաջարկել է պատասխանատվության ենթարկել այն աշխատակիցներին, որոնք պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները:

Անդրադարձ է եղել նաեւ Սեւանա լճի ափամերձ տարածքների հանրային լողափեր այցելությունների արդյունքներին: Արձանագրվել է, որ թեեւ 11 նման լողափ է գործում, սակայն առկա է մեծ պահանջարկ, եւ քննարկվել է առաջիկա տարիներին դրանց թիվն ավելացնելու հնարավորությունը:

Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը տեղեկություններ է ներկայացրել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում անտառհատումների վերաբերյալ: Նշվել է, որ ՊՈԱԿ-ի «Սեւան» մասնաճյուղում խնդիրներ են բացահայտվել, որոնց հետ կապված նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:

Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների առնչությամբ նշվեց, որ մրցույթը նոր ընկերություն է շահել, որն արդեն ձեռնամուխ է եղել պարտավորությունների կատարմանը: