ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում «Սենդի» արեւադարձային փոթորկի զոհ են դարձել 10 մարդ: Նրանցից 3-ը Նյու Յորքում եւ Նյու Ջերսի նահանգում զոհվել են ծառերի տապալման հետեւանքով: Եւս մի քանի բնակիչներ հիվանդանոց են տեղափոխվել:
Ըստ Associated Press-ի`զոհվել է նաեւ Կանադայի բնակչուհի:
Նյու Յորքում` Մանհեթանի ստորին հատվածում, նախօրեին գրանցվել էր ջրի մակարդակի ռեկորդային բարձրացում` 3,8 մ: Նյու Յորքի իշխանությունները Մանհեթանի 400 հազար եւ քաղաքի այլ թաղամասերի բնակիչներին կոչ են արել տեղափոխվել ապահով վայրեր:
Մանհեթանում հոկտեմբերի 29-ի երեկոյան դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Տեղական ժամանակով ուշ երեկոյան այնտեղ տեղի է ունեցել էլեկտրականության վթարային անջատում: 11 նահանգներում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 3 միլիոն մարդ: Հետաձգվել են դպրոցական պարապմունքները, չի գործում մետրոպոլիտենը, փակ են օդանավակայանները:
Հաղորդվում է, որ Մանհեթանում ուժեղ քամի է, Նյու Յորքի թաղամասերից մեկում փլվել է 6-հարկանի տան ճակատային մասը, եւս մեկ շինություն փլուզվել է Բրուքլինում: Զոհեր չեն եղել, հայտնում է Ռոսբալտը:
«Սենդիի» կենտրոնը հասել է Նյու Ջերսի նահանգ եւ ներկայումս շարժվում է առաջ: Շուտով այն Կանադայում կվերածվի «Ֆրանկենշտորմի»: Այդ դեպքում քամու արագությունը կգերազանցի 200 կմ/ժ-ը: Այժմ այն 130 կմ/ժ է:




























