Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ի նշան ընտրությունների կեղծման դեմ բողոքի, անժամկետ հացադուլ է հայտարարել Խարկովի կենտրոնական հիվանդանոցում:
Տիմոշենկոյի պաշտպան ազգային պատգամավոր Սերգեյ Վլասենկոն հոկտեմբերի 29-ի երեկոյան ճեպազրույցի ընթացքում կարդացել է վարչապետի նամակը, որում նա տեղեկացնում էր հացադուլ հայտարարելու մասին: Իր նամակում Տիմոշենկոն ընդգծել էր, որ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին կեղծվել են:
Նախկին վարչապետը նաեւ նշել էր, որ եթե ազատության մեջ լիներ, ապա իր կողմնակիցներին կոչ կաներ բողոքի ակցիաներով պայքարել ընտրությունների արդյունքների համար: Սակայն բանտարկության պատճառով ինքը չի կարող երաշխավորել կազմակերպվածության բարձր որակը եւ նման ակցիաների անվտանգությունը, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը:
Ըստ Ուկրաինայի ԿԸՀ-ի վերջին տվյալների`արձանագրությունների 85,5% մշակումից հետո «Ռեգիոնների կուսակցության» օգտին քվեարկել են ընտրողների 31,98%-ը, «Բատկիվշչինայի» օգտին` 24,10%-ը, Ուկրաինայի Կումունիստական կուսակցության օգտին՝ 13,93%-ը, Վիտալի Կլիչկոյի «ՀԱՐՎԱԾ»-ի օգտին` 13,45%, «Ազատության» օգտին` 9,53%-ը: Ըստ նախնական տվյալների` մեծամասնականով 117 պատգամավորական տեղ հասել է ռեգիոնականներին, 45-ը` ինքնաառաջադրվածներին, 40-ը` «Բատկիվշչինային», 11-ը` ազատականներին եւ 5-ը` հարվածականներին:




























