Ֆրանսիայի իշխանությունները կալանքից ազատել են Ժան Կլոդ Մասին` ֆրանսիական Poly Implant Prothese (PIP) կրծքի անորակ  իմպլանտներ արտադրող ընկերության նախկին ղեկավարին:

Ժան Կլոդ Մասը ձերբակալվել եւ կալանքի տակ էր վերցվել Սի Ֆուր Լե Պլյաժ քաղաքի իր ծանոթուհու տանը` հունվարին: Նույն երեկոյան  դատավորը վճիռ էր կայացրել գրավի դիմաց նրան ազատ արձակելու վերաբերյալ: Նա կրկնակի  ձերբակալվել էր մարտին` գրավը չվճարելու համար, իսկ հոկտեմբերի 29-ին լրացել էր նախնական կալանքի առավելագույն ժամկետը:
Ֆրանսիայի քննչական մարմինները շարունակում են  քննել ներկայումս չգործող PIP ընկերության ղեկավարի  գործը: Ավելի վաղ Մասին արգելվել էր լքել երկիրը եւ հանդիպել իր ընկերության նախկին ղեկավարների եւ թոփ մենեջերների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ֆրանսիայի իշխանություններն PIP-ի արտադրանքը արգելել էին կիրառել դեռեւս 2010 թվականին, երբ պարզվել էր, որ  իմպլանտները պատրաստված են եղել արդյունաբերական գելից, իսկ նրանց  արտաքն թաղանթը պատռվում է շատ հաճախ:  Այս տարվա նոյեմբերին  PIP-ի հաճախորդուհիներից մեկի մահվանից եւ հիվանդացության 8 դեպքերից հետո բժիշկները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքներից ելնելով` երկրի առողջապահության նախարարությունը 30 հազար ֆրանսուհիների խորհուրդ է տվել պետության հաշվին հանել  PIP-ի իմպլանտները: 

PIP ընկերությունը գրավել էր համաշխարհային շուկայի 84%-ը: Ըստ լրատվամիջոցների` կրծքի անորակ իմպլանտները վաճառվել էին 65 երկրներում: Ամբողջ աշխարհում այդ  ոչ այնքան թանկ ապրանքները կրում է 400-500 հազար կին: