Մոսկվայում   իտալական Il Pittore  ռեստորանի  տնօրեն Սուրեն Մկրտչյանը 1 տարի 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել 2012 թ-ի հունվարին ռեստորանում գազի  բալոնի պայթյունի պատճառով: Մկրտչյանն ամբողջովին ընդունել է իր մեղքը, եւ դատաքննությունն արագացված կարգով է ընթացել:

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Սուրեն Մկրտչյանի նկատմամբ  մեղադրանք է ներկայացվել  աշխատանքի հսկողության կանոնները խախտելու եւ անզգուշության հետեւանքով  մարդու մահվան պատճառ դառնալու, ինչպես նաեւ կյանքի անվտանգության կամ սպառողի առողջության  համար անհամապատասխան ծառայություններ մատուցելու հոդվածներով:

Միջադեպից անմիջապես հետո Մկրտչյանը  անձամբ փոխհատուցել է բոլոր  տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին: Տուժածներից ոչ մեկը, նշում է պարբերականը,  ռեստորանի նկատմամբ պահանջներ չի ներկայացրել, իսկ զոհվածների հարազատները դատարանին խնդրել են  դադարեցնել Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ նա արդեն փոխհատուցում է վճարել:

Il Pittore ռեստորանում գազի բալոնի պայթյունը տեղի է ունեցել հունվարի 9-ին: Պայթյունի, իսկ հետո ծագած հրդեհի արդյունքում զոհվել են ռեստորանի երեք աշխատակիցներ, եւս 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներ: Տուժածների թվում եղել են ԱՊՀ երկրների քաղաքացիներ, Բելգիայի քաղաքացիներ եւ ռուսներ: Տուժածների թվում եղել են նաեւ ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացիներ: