Հյուսիսային Կորեայի առաջնորդ, «Մեծ ժառանգորդ» Կիմ Չեն Ընի կինը երկու ամսվա մեջ առաջին անգամ հանրությանն է ներկայացել: Նա ամուսնու հետ համերգ եւ ֆուտբոլային հանդիպում է դիտել:
Հանդիսատեսը Կիմ Չեն Ընին եւ նրա երիտասարդ կնոջը` Լի Սոլ Չժուին, դիմավորել է «խլացնող ողջույնով», նշվում է Կորեայի հեռագրային գործակալության հաղորդագրությունում, որը մեջբերում է Reuters-ը:
Ինչպես հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին», ԿԺԴՀ առաջնորդը կնոջ հետ վերջին անգամ հանրությանը ներկայացել էր հուլիսին`1950-1953թթ. Կորեական պատերազմի մարտական գործողությունների ավարտի օրվան նվիրված Փհենյանի հանդիսավոր համերգին:
Երիտասարդ կնոջ տեւական բացակայությունը շատ ասեկոսեների տեղիք էր տվել: Հարավկորեական հետախուզության վերլուծաբանները ենթադրում էին, որ առաջին տիկնոջ երկարատեւ բացակայության պատճառ կարող էր դառնալ հղիությունը: Այլ վարկածով` պատճառը պահպանողական ղեկավարության զայրույթն էր, քանի որ կինը հանրությանը ներկայացել էր ապաքաղաքական կրծքազարդով` փոխանակ նախկին երկու առաջնորդների պատկերով կրծքանշաններ կրելուն:





























