Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում այրված «Սուրբ Գեւորգ» եկեղեցին շուտ չի վերականգնվի, քանի որ շրջակայքում անընդհատ մարտեր են ընթանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը` նշելով, որ հայերը վաղուց լքել են անհանգիստ թաղամասը:

Ըստ նրա` Նոր Գյուղ թաղամասի ծայրամասում մարտերն սկսվել են վաղուց. «Մի քանի անգամ լուր է ստացվել եկեղեցին հրդեհելու մասին, հետո հերքվել է: Եկեղեցուց բացի, զգալի վնաս է հասցվել հարակից Մեսրոպյան գիմնազիային: Ներկայումս թաղամասը դատարկված է»:

Նախօրեին սիրիական ընդդիմության գրոհայինները ահաբեկչություն էին կազմակերպել Դամասկոս նահանգի Ջարամանա քաղաքում: Պետական լրատվամիջոցների ներկայացրած վերջին տվյալներով` պայթյունը  11 մարդու կյանք էր խլել, 67-ը վիրավորվել էին: Զոհերի թվում երկու հայ են եղել`Ռանա Սալհափ Քալաջյան եւ Ռանա Նանուֆ Մեհմեջյան: Վիրավորվել էր Անուշ Աբովյանը, որն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: