Պետական բյուջեի եկամուտները 2013 թ. ծրագրավորվել են 1 տրլն 31 մլրդ դրամի չափով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին,  Ազգային Ժողովում հայտարարեց  ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով  2013 թ. պետական բյուջեի նախագիծը:Եկամուտների այս մակարդակը 2012 թ. հաստատված բյուջեի մակարդակին (911,6 մլրդ դրամ) գերազանցում է 13,2%-ով:

Պետական բյուջեի եկամուտների 96,25%-ը կկազմեն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը: 1,59%-ը կկազմեն պաշտոնական դրամաշնորհները, 2,16%-ը այլ եկամուտներ են:

Հարկային եկամուտների ու պետական տուրքերի գումարը 2013 թ. կկազմի 992,9 մլրդ դրամ՝ 118,6 մլրդ դրամով ավելի, քան 2012 թ.:

Հարկային եկամուտներն ու պետական տուրքերը միասին 2013 թ. կկազմեն ՀՆԱ-ի 21,88 %-ը, 2012 թ.՝ 20,73%-ի, եւ 2011 թ. 20,51%-ի համեմատ:

Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ 2013 թ. նախատեսվում է հավաքագրել լրացուցիչ 31 մլրդ դրամ հարկ, մասնավորապես՝ զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց եկամուտները հարկման դաշտ բերելու հաշվին: Վարչարարական միջոցառումների հաշվին լրացուցիչ կհավաքագրվի 27 մլրդ դրամ;

Պաշտոնական դրամաշնորհների մասով օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից 2013 թ. կստացվի 16,4 մլրդ դրամ, որի 82%-ը՝ Եվրամիությունից: Պաշտոնական դրամաշնորհների ստացում է նախատեսվում նաեւ Գերմանիայի Զարգացման վարկերի բանկից:

Այլ եկամուտների գծով մուտքերը ծրագրավորվել են 22,3 մլրդ դրամ՝ 2012 թ. 21 մլրդ դրամի համեմատ: Սակայն 2011 թ. մուտքերը 27 մլրդ դրամ էին; Նվազումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կենտրոնական բանկում ավանդադրվող գանձապետական միասնական հաշվին ժամանակավորապես ազատ միջոցներն ավելի քիչ են: Մասնավորապես՝ ամբողջովին ծախսվել են Ռուսաստանից ստացված վարկային միջոցները: