Ֆրանսիայում հակտեմբերի 29-ի երեկոյան տեղի է ունեցել թուրք գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքին Պատվո լեգեոնի շքանշանի հանձնման պաշտոնական արարողությունը: Պարգեւը գրողը ստացել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրլի Ֆիլիպետիի ձեռքից:

Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, հանձնելով պարգեւը` Ֆիլիպետին նշել է, որ Փամուկը տարիներ շարունակ մնում է նորարար, ավանգարդ գրող, ում արձակը աչքի է ընկնում ոճի ազատությամբ: Այդ ազատությունը, նրա խոսքով, արձագանքում է մարդու ազատության հետ, ինչի պաշտպանությամբ հանդես է գալիս «Անմեղության թանգարանի» հեղինակը, ով մերժում է անհանդուրժողության, ճնշման եւ վախի  ցանկացած դրսեւորում:

Ինչպես գրում է «Լենտա.ru»-ն, Օրհան Փամուկը, ում գրքերը ողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 11 մլն օրինակով, 2007 թ.-ին լքել է Թուրքիան եւ տեղափոխվել ԱՄՆ:

Նա ստիպված է եղել արտագաղթել ազգայնականների կողմից հետապնդման պատճառով, որը սկսվել է 2005 թ.-ին շվեյցարական թերթի հետ հարցազրույցից հետո: Հարցազրույցում Օրհամ Փամուքը  հայտնել է, որ թուրքերը պետք է ընդունեն  մեկ միլիոն հայերի եւ  3 հազար քրդերի սպանությունը, ինչից հետո նրան մեղադրել են տխրահռչակ 301 հոդվածով (թուրքական ինքնությանը հասցված վիրավորանք):

Ինչպես նախկինում հայտնել է NEWS.am-ը, Օրհան Փամուքն արժանացել է Դանիայի մշակութային ոլորտի խոշորագույն`  Sonning Prize մրցանակին, որը  հանձնվում է եվրոպական մշակույթում ներդրում կատարելու համար: Օրհան Փամուքին հանձնվել է 1 մլն դանիական կրոն (134 հազար եվրո): Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցել են նաեւ Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Աչքի է ընկել այն հանգամանքը, որ միջոցառմանը ներկա չի եղել Դանիայում Թուրքիայի դեսպանության որեւէ աշխատակից։