Վրաստանի ներքին գործերի նոր նախարար Իրակլի Ղարիբաշվիլին անձնական վերահսկողության տակ է վերցրել  10 ամսական Բարբարա Ռաֆայելյանցի մահվան գործը: Այդ մասին ասվում է հոկտեմբերի 30-ին գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում:

«Այդ գործը, որը քննում է Կախեթիայի տարածաշրջանային գլխավոր վարչությունը, դեռեւս չի բացահայտվել», -նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում: Նաեւ ընդգծվում է, որ  «Բարբարա Ռաֆայելյանցի մահվան պատճառները պարզելու համար առավելագույն ռեսուրսներ եւ ջանքեր կներդրվեն», հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 30-ին` Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Կոլագի գյուղում կես ժամ որոնելուց հետո գինու կարասում գտել էին 10 ամսական Վարվարա (Բարբարա) Ռաֆայելյանցի անշնչացած մարմինը: Երեխայի ծնողները կատարվածը կապել էին իրենց ազգականուհի, «Վրացական երազանքի» ակտիվիստուհու քաղաքական գործունեության հետ, որին քանիցս սպառնացել էին ազգային շարժման ներկայացուցիչները: Բժշկական փորձաքննության տվյալներով` երեխայի մահվան պատճառն ասֆիքսիան է դարձել, որն առաջացել է հեղուկը թոքերը լցվելու հետեւանքով: