Մոսկվայում անհայտ անձինք երեք երեխա են առեւանգել եւ թաքնվել «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով: Ինչպես հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններն, առեւանգված երեխաներով մեքենան հայտնաբերելու համար քաղաքում հատուկ ծրագիր են իրականացվում:
Հաղորդվում է, որ երեխաները Ղրղըզստանի քաղաքացիներ են: Միջադեպը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել երեխաների ծնողների եւ գործատուների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, հաղորդում է «Dni.ru»-ն:
Որոշ ժամանակ անց ոստիկանները հայտնաբերել են ենթադրյալ առեւանգիչների մեքենաներից մեկը: Երեխաները մեքենայում չեն եղել, նրանց որոնումները շարունակվում են: Մեքենայում ձերբակալվել է Ղրղըզստանի քաղաքացի, ով, հավանաբար, կապ ունի առեւանգման հետ: Վարորդը հայտնել է ոստիկաններին, որ երեխաներին իջեցրել է ավտոկայանում, իսկ թե ինչ նպատակով, դեռ հայտնի չէ:




























