Քաղաքացի  Սուրեն Ավետիսյանը Հայաստանի ոստիկանության ուշադրության կենտրոնում չի գտնվում: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ոստիկանության մամուլի ծառայությունից` մեկնաբանելով  նախօրեին Մոսկվայում ձերբակալված  «օրենքով գող» Ավետիսյանի հնարավոր արտաքսման լուրը: Ինչպես պարզաբանել են Ոստիկանությունից, Ավետիսյանը ձերբակալվել է մոսկովյան ոստիկանների կողմից Ռուսաստանի տարածքում օրինախախտ գործունեության համար: Այսինքն, Հայաստանի ոստիկանությունը ոչ մի կապ չունի այս անհատի արտաքսման հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին մոսկովյան ոստիկանները «օրենքով գողերի» հավաքույթի ժամանակ 5 քրեկան հեղինակությունների են ձերբակալել: Նրանցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են ` 33-ամյա Արտեմ Առաքելյանը եւ 39-ամյա  Սուրեն Ավետիսյանը, ովքեր ներգրավված են մի շարք հանցագործությունների մեջ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` «օրենքով գողերը», ովքեր քրեկան աշխարհում հայտնի են  «Արտեմ Լիպեցկի» եւ «Սուրենչիկ» մականուններով, քրեական ազդեցություն են ունեցել  կազմակերպված խմբավորման նկատմամբ, որի անդամները թմրանյութի ներմուծմամբ ու իրացմամաբ են զբաղվում  Ռուսաստանի դաշնային տարածքում: Առաքելյանի նկատմամբ  որպես  խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սուրեն Ավետիսյանը ձերբակալությունից հետո, ենթադրվում է, որ Հայաստան է արտաքսվել: