Մոսկվայում առեւանգված երեխաները հայտնաբերվել են, իսկ առեւանգիչը, ով իրար է խառնել ռուսական մայրաքաղաքի ոստիկաններին, պարզվել է, որ  «Պրոդուկտի» խանութի  տնօրենի կինն է, որտեղ աշխատում են երեխաների ծնողները: Խանութ այցելած ստրկական աշխատանքի դեմ պայքարի հարցերով իրավապաշտպաններին կինը դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցների տեղ է դրել:

Պարզվել է, որ  նախօրեին որոշ «բարի կամեցողներ» լրագրողներին  պատմել էին  «Պրոդուկտի» խանութում աշխատողների նկատմամբ ստրկական վերաբերմունքի մասին: Հոկտեմբերի 30-ին Նովոսիբիրսկյան փողոց ժամանած թղթակիցները խանութի նկուղային հատվածից դուրս են բերել Միջին Ասիայից  ժամանած 8 կանանց: Իսկ երբ խանութ են ժամանել իրավապաշտպանները, խանութի տնօրենի կինը, նրանց միգրացիոն ծառայության աշխատակցի տեղ դնելով,  վերցրել է ներգաղթյալ երեխաներին եւ հեռացել:

«Առեւանգողը» հեռախոսով ամեն ինչ խոստովանել է ամուսնուն: Միջադեպի հանգամանքներից գլուխ են հանել խանութ ժամանած ոստիկանները, հաղորդում է  LifeNews-ը:

«Երեխաների հետ ամեն ինչ կարգին է: Կինը վախեցել է, երեխաներին մեքենա է նստեցրել  եւ հեռացել նրանց հետ »,- պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը: Այժմ ոստիկանները պետք է իրավական գնահատական տան նրա արարքին: Երեխաների առեւանգման փաստով ստուգումներ կիրականացվեն:

Հիշեցնենք, որ այսօր հաղորդագրություն էր ստացվել Ղրղըզստանի քաղաքացի երեք երեխաների առեւանգման մասին: Հաղորդվում էր, որ առեւանգումը տեղի է ունեցել երեխաների ծնողների եւ գործատուների միջեւ ծագած վեճից հետո: