Հայաստանի 2013 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պահպանման ծախսերը նախատեսվել են 27,7 մլրդ դրամի չափով, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: 2012 թ. համեմատ ոստիկանության ֆինանսավորումն ավելացել է 5,6 մլրդ դրամով, սակայն դա պայմանավորված է բացառապես «Եկամտային հարկի մասն» օրենքի ընդունմամբ: Այսինքն՝ ոստիկանների աշխատավարձերն ու այլ եկամուտները հարկվելու են եկամտահարկով, սակայն կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը՝ որպեսզի փաստացի աշխատավարձը չնվազի: Ավելին՝ Պ. Սաֆարյանը հատուկ նշեց, որ 2013 թ. ոստիկանների աշխատավարձը չի բարձրանա: Սակայն այս պատասխանը չբավարարեց պատգամավորների մի մասին, հատկապես Գագիկ Ջհանգիրյանին (ՀԱԿ) ու Վահան Հովհաննիսյանին (ՀՅԴ), որոնք շարունակեցին հետաքրքրվել ոստիկանների աշխատավարձով: Ֆինանսների փոխնախարարը ստիպված էր 4 անգամ կրկնել, որ ոստիկանների աշխատավարձը չի բարձրանալու: Վ. Հովհաննիսյանը նշեց, որ դա նշանակում է ոստիկանների կենսամակարդակի անկում, քանի որ կյանքը շարունակում է թանկանալ:
Նշենք, որ ոստիկանության ֆինանսավորման մեծ մասը՝ 22,1 մլրդ դրամ, ուղղվելու է ոստիկաններին աշխատավարձի եւ հավելավճարի վճարմանը:





























